Երեկ Երևանում տեղի ունեցավ «Ո՛չ պուտինիզմին» կարգախոսով հանրահավաք և երթ: Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին առաջանալ դիմացի մայթից, և բանախոսները նորից փոքրիկ հանրահավաք անցկացրին: Նրանց ելույթներն ընդմիջվում էին «Վոլինկին պերսոնա նոն գրատա» վանկարկումներով, Պարույր Հայրիկյանի առաջարկով՝ սկսեցին վանկարկել «Պուտին պերսոնա նոն գրատա»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, դիմելով պատ կազմած և թիկունքով դեպի Ռուսաստանի դեսպանատունը կանգնած հայ ոստիկաններին, նշեց, որ սա առաջին հերթին իրենց՝ ոստիկանների անհարգալից վերաբերմունքն է ՌԴ-ի նկատմամբ:
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ևս «Ո՛չ պուտինիզմին» կարգախոսով բողոքի ակցիաներ են անցկացվում և ի համերաշխություն Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած երթը ավարտվեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Երթի մասնակիցները պարզել էին «Վոլինկին պերսոնա նոն գրատա», «Անվճար մաքսային միություն = Սիբիր», «No Russian Empire», «Եվրամիություն=Հռոմ=Փարիզ=Լոնդոն» կարգախոսներով ցուցապաստառներ։
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի ուղերձը հանձնվեց դեսպանատան դռնապանին։
«Հաշվի առնելով, որ ՌԴ դեսպանի տխրահռչակ հայտարարությունը և «Հայաստան» անունը «Հարավ-Կովկաս» անունով փոխարինելու փաստը ոչ թե պատահականություն է, այլ անուրանալի ապացույցը հայ ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, մենք՝ հայ ժողովրդի ինքնիշխանության կողմնակիցներս, ո՛չ ենք ասում պուտինիզմին և պուտինիզմի խամաճիկ այսօրվա իշխանավորներին»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը։